Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարար, հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովին: ՀՀ վարչապետը և ՌԴ տրանսպորտի նախարարը քննարկել են երկու երկրների տնտեսական համագործակցության ընդլայնման հարցեր: Զրուցակիցներն արձանագրել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստի հանձնարարականների կատարման բարձր մակարդակը և պայմանավորվածություն ձեռք բերել հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել 2016-ի հուլիսին` Սանկտ Պետերբուրգում: Առևտրատնտեսական կապերի սերտացման համատեքստում կողմերը քննարկել են տարածաշրջանային նշանակության ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հեռանկարները: Ռուսական կողմը կարևորել է Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը և պատրաստակամություն հայտնել ուսումնասիրել իր մասնակցության հարցը:
Զրուցակիցներն անդրադարձել են Վերին Լարսի անցակետում բեռների և տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպման արագացման խնդրին և քննարկել հարցի լուծման հնարավոր տարբերակները: